Հայաստան–Իրան սահմանին քննարկվել են սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացման հարցերը

Դեսպանը բարձր է գնահատել Մեղրի և Նորդուզ անցակետերի անխափան աշխատանքը ռազմական գործողությունների ընթացքում։

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ, որտեղ հանդիպումներ է ունեցել Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, անցակետի ղեկավարության և Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ։

Տարանցման դյուրացում և ենթակառուցվածքներ Հանդիպման առանցքում եղել են բեռնատարների տարանցման գործընթացի դյուրացումը և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացումը։ Դեսպան Հակոբյանը շեշտել է երկու կարևոր նախագիծ, որոնք էապես կփոխեն իրավիճակը սահմանին.

  • Մեղրիի անցակետի վերակառուցումը. Արդիականացումը թույլ կտա մեծացնել թողունակությունը։

  • Երկրորդ կամրջի կառուցումը. Սա կխթանի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և կնվազեցնի տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածությունը։

Սահմանի դերը ճգնաժամային իրավիճակներում Դեսպանը բարձր է գնահատել Մեղրի և Նորդուզ անցակետերի անխափան աշխատանքը ռազմական գործողությունների ընթացքում։ Նշվել է, որ անգամ բարդ պայմաններում հաջողվել է ապահովել քաղաքացիների և բեռների տեղաշարժը՝ առանց էական խոչընդոտների։