Ամստերդամն արգելել է մսամթերքի հանրային գովազդը

Միսը կազմել է Ամստերդամի արտաքին գովազդի շուկայի համեմատաբար փոքր բաժինը։

Ամստերդամը դարձել է աշխարհում առաջին մայրաքաղաքը, որը արգելել է մսամթերքի, ինչպես նաև հանածո վառելիքի հետ կապված ապրանքների հանրային գովազդը։

Մայիսի 1-ից Նիդեռլանդների մայրաքաղաքի գովազդային վահանակներից, տրամվայի կանգառներից և մետրոյի կայարաններից անհետացել են համբուրգերների, բենզինով աշխատող ավտոմեքենաների և ավիաընկերությունների գովազդները։

Քաղաքային քաղաքական գործիչները հայտարարում են, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի Ամստերդամի փողոցային միջավայրը համապատասխանեցնել տեղական իշխանությունների բնապահպանական նպատակներին։

Այդ նպատակները նախատեսում են, որ Նիդեռլանդների մայրաքաղաքը մինչև 2050 թվականը պետք է դառնա ածխածնային չեզոք, իսկ տեղի բնակիչները նույն ժամանակահատվածում պետք է կրճատեն մսի սպառումը կիսով չափ։

Նշվում է, որ միսը կազմել է Ամստերդամի արտաքին գովազդի շուկայի համեմատաբար փոքր բաժինը՝ գնահատմամբ՝ գովազդային ծախսերի 0,1%-ը՝ հանածո վառելիքի հետ կապված ապրանքների մոտ 4%-ի համեմատ։

Ոլորտը ներկայացնող Նիդեռլանդների մսի արդյունաբերության ասոցիացիան դժգոհ է այս քայլից և այն անվանել է «սպառողների վարքագծի վրա ազդելու անցանկալի միջոց»։

Միևնույն ժամանակ, Նիդեռլանդների տուրիստական գործակալների և տուրօպերատորների ասոցիացիան հայտարարել է, որ այն հանգստի գովազդի արգելքը, որը ներառում է ավիաչվերթներ, ընկերությունների առևտրային ազատության նկատմամբ անհամաչափ սահմանափակում է։